Հայաստանի պատմական մայրաքաղաք՝ Անի

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայումս գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին` եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը (Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։

Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնել հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ Ղրիմից մի մասը տեղափոխվել է Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ՝ ավելի ուշ Դոն գետի ափին հիմնել է Նոր Նախիջևան քաղաքը։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով ՀՀ Դաշնակցական կառավարությունը հանձնեց Թուրքիային։

Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ 963 թվականին հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածը (953-977) Կարսում ստեղծում է նոր թագավորություն, որի ղեկավար է նշանակում եղբորը։ 964 թվականին նա ամրոցից հյուսիս՝ հրվանդանի նեղ մասում, կառուցեց «Աշոտաշեն» պարիսպները։

Անի քաղաքի հատակագիծը

Զարգացած միջնադարում մետաքսի ճանապարհը, որը արևելքի երկրներ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական խալիֆայությունը կապում էր Բյուզանդական կայսրության հետ, անցնում էր հայոց թագավորության տարածքով։ Դվին-Տրապիզոն հատվածի վրա ընկած Անին դառնում է աշխույժ բազմամարդ քաղաք։ Դվինից և այլ վայրերից Անի եկան բազմաթիվ արհեստավորներ և առևտրականներ ու մշտական բնակություն հաստատեցին։ Քաղաքի արագ աճը Սմբատ Բ Տիեզերակալին (977-990) ստիպեց 989 թվականին կառուցել երկրորդ՝«Սմբատաշեն» պարիսպը։

Եկեղեցիներ

Հայկական ճարտարապետության պատմության մեջ Անին հայտնի է որպես պաշտամունքային կառույցների նշանավոր կենտրոն։ 8-րդ դարից Հայաստանում ճարտարապետական հորինվածքների զարգացումը կանգ էր առել արաբների տիրապետության հետևանքով։ Մայրաքաղաք դառնալուց հետո Անիի շինարվեստի զարգացումն ընթացավ մինչարաբական շրջանի (վաղ միջնադարի) հայկական ճարտարապետության ամբողջ ժառանգության, անցյալի հուշարձանների հատակագծային և ծավալային հորինվածքների վերստեղծման ու վերամշակման ուղիով, փաստորեն սկսվելով այն տեղից, որտեղ արհեստականորեն ընդհատվել էր դրանց աստիճանական զարգացումը։

Անիի բոլոր կառույցներն էլ վերարտադրում են 7-րդ դարի հանրահայտ կոմպոզիցիաները. Անիի Մայր տաճարը, գմբեթավոր բազիլիկից խաչակենտրոնագմբեթի անցնելու տարբերակ է, Առաքելոց եկեղեցին՝ քառաբսիդ կենտրոնագմբեթ, Գրիգոր Լուսավորչի տաճարը (Գագկաշեն)՝ զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցին, Փրկչի եկեղեցին, Հովվի եկեղեցին՝ բազմաբսիդ և այլն։ Սակայն դրանք կրկնողություն չեն, այլ դրսևորվում են իբրև տիպի տարբերակված կամ կատարելագործված օրինակ։

Քաղաքային կյանքի և աշխարհիկ մտածողության աշխուժացումը իր կնիքը դրեց Անիի ճարտարապետության վրա։ Նույնիսկ եկեղեցական կառույցներում որոշակիորեն նկատվում է քաղաքացիական ճարտարապետության ազդեցությունը, որն առավել ցայտուն արտահայտված է դեկորատիվ հարդարանքների մեջ։ Առաջնակարգ նշանակություն է ստացել մակերևույթների պլաստիկ մշակումը։ Լայն տարածում գտած եռանկյունաձև ուղղաձիգ խորշերից բացի, որոնք երբեմն կատարում են զուտ դեկորատիվ դեր, գրեթե ամենուր օգտագործվել է նաև դեկորատիվ որմնակամարաշարը, որն ստեղծում է լուսաստվերային գեղեցիկ խաղեր, ընդգծում կառուցվածքների համաչափությունների ուղղաձիգությունը։

Կուսանաց վանք (Անի)

Տրոմպայինին վերջնականապես փոխարինած առագաստային անցումները հնարավորություն են ստեղծել կառուցել արտաքուստ կամարաշարերով և սյունափնջերով հարդարված, բազմանիստ կամ լրիվ բոլորշի թմբուկներ, որոնք շատ հաճախ ավարտվել են ամպհովհարաձև վեղարով։ Լուսամուտները ներառվել են քանդակազարդ կամ բարդ տրամատավորված շրջանակների մեջ, իսկ պսակները հաճախ նստել են կիսասյուների վրա։ Եկեղեցիներից շատերն ունեցել են մեկից ավելի շքամուտք։ Դռների բացվածքների երկու կողմերից ուժեղ շեշտված որմնասյուների վրա բարձրացել են կամարակիր սյունափնջեր, իսկ վերնասյամերը ծածկված են եղել արձանագրություններով։ Մուտքերը եղել են ներքուստ հաճախ կամարակապ, իսկ արտաքուստ ունեցել են լայն երեսակալներ, որոնք ավարտվել են անտիկ ճարտարապետության մոտիվներով (ականթներ, ուլունքներ և այլն) քանդակազարդված արխիտրավներով։ Զարդաքանդակների հորինվածքներին ավելի բնորոշ է եղել երկրաչափական կազմությունը։

7-րդ դարի տաճարների ընդարձակ լուսամուտները փոխարինվել են դեպի վեր ձգված նեղ բացվածքներով։ Տաճարների ներքին տարածությունները ձգվել են դեպի գմբեթի կիսագունդը, որը խորհրդանշել է երկնակամարը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով